ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն
ԵՄ-ն չի չեղարկի ոչ մի պատժամիջոց ՌԴ-ի դեմ մինչև Ուկրաինայում հակամարտության լիակատար ավարտը և չի վերսկսի ռուսական գազի գնումները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում, որն առցանց հեռարձակում է ԵԽ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ-ն չի չեղարկի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև հակամարտության ավարտը», - պնդել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա նաև հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը բացառում է վերադարձը ռուսական գազի գնումներին, քանի որ գտնում է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է գազն օգտագործել որպես զենք:
2022 թվականի մարտին Եվրահանձնաժողովը պատրաստվում էր միջոցներ ձեռնարկել ռուսական գազի դիմաց վճարումները արգելափակելու ուղղությամբ՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մեկը: Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց ոչ բարեկամական երկրների հետ խողովակաշարային գազի առևտրում ռուբլու անցնելու մասին, ինչը բոլոր հաշվարկները տեղափոխում էր ռուսական իրավասության դաշտ և ԵՄ-ին զրկում վճարումները արգելափակելու հնարավորությունից:
Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը պնդեց ԵՄ երկրների կողմից ռուբլով գազի առևտրի ինքնարգելքի սահմանման վրա, որից հետո Ռուսաստանին մեղադրեց մատակարարումները դադարեցնելու և գազը որպես զենք օգտագործելու մեջ:
Հաջորդող տարիներին ԵՄ երկրները կտրուկ ավելացրին ռուսական հեղուկացված բնական գազի գնումները համաշխարհային շուկայում, ինչին Եվրահանձնաժողովն արձագանքեց 2027 թվականից ռուսական ցանկացած տեսակի գազի գնումների լիակատար անժամկետ արգելքի սահմանմամբ:
Ավելի վաղ ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ տարվա սկզբից եվրոպական էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայում գազի գներն աճել են 140%-ով:



