չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի զինված ուժերի համար դանդաղեցնելու հրահանգը տվել է Իլոն Մասկը

Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի զինված ուժերի համար դանդաղեցնելու հրահանգը տվել է Իլոն Մասկը

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն է հրահանգել նվազեցնել Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքի արագությունը, որը խուճապ է առաջացրել Կիևում և շփոթություն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ արբանյակային կապի համակարգի աշխատանքի արագության սահմանափակումից հետո Մասկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Աղբյուրներից մեկը, սակայն, նշել է, որ նրանց միջև զրույց տեղի է ունեցել նաև մինչև համակարգի աշխատանքի դանդաղեցումը։

WSJ-ի հաղորդմամբ՝ ամերիկացի որոշ պաշտոնյաներ պնդում են, որ Մասկը գործել է միանձնյա, և Թրամփը Ուկրաինայի դեմ որևէ պատասխան քայլի վերաբերյալ ուղղակի հրահանգներ չի տվել։

Միևնույն ժամանակ, իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր հայտնել է, որ արագության նոր սահմանափակումը կիրառելուց առաջ Մասկը խորհրդակցել է ԱՄՆ վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ Թրամփի հետ։

Reuters-ը նշում է, որ Մասկը, նրա SpaceX ընկերությունը, որը շահագործում է Starlink համակարգը, ինչպես նաև Սպիտակ տունը գործակալության մեկնաբանության հարցումներին օպերատիվ պատասխան չեն տվել։

  • Կիսվել: