երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սասուն Միքայելյանի որդին ողջունում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը

Սասուն Միքայելյանի որդին ողջունում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հարցում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Հիսուս Քրիստոսի արձանի՝ Հայաստանի Հանրապետության բարձրադիր վայրերից մեկում տեղադրելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը հասարակության շրջանում լայն տարածում գտավ. հնչեցին ինչպես դրական, այնպես էլ` բացասական կարծիքներ:

Լինելով աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած պետություն` արձանի կառուցումը Քրիստոնեության հանդեպ ունեցած մեր հավատն ամրապնդելու և մեր հոգևոր վերածննդին սկիզբ դնելու առաքելություն կարելի է համարել:

Թերևս ամենատարածված քննադատությունը արձանի փոխարեն բանակին օգնելն էր:

Համամիտ եմ` բանակը ամենաառաջնային դերում է, և վստահ եմ, որ հզոր բանակի գրավականներից մեկն էլ զարգացած տնտեսությունն է :

Քրիստոսի արձանի տեղադրմամբ ողջ աշխարհից մեր երկիր հազարավոր զբոսաշրջիկների հոսք կլինի, հետևաբար` զարգացում կապրի զբոսաշրջության ոլորտը, և զբոսաշրջիկների ներդրած գումարը զգալիորեն կնպաստի տնտեսության աճին:

Այս ամենը նպաստելու է նաև բանակաշինության և երկրի պաշտպանության գործին:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ նախաձեռնությունը քննադատողներին հիշեցնել օնլայն խաղատների (Աջարաբեթ, Վիվարո, Տոտո և նման այլ բուքմեյքերական խաղեր) և դրանց վրա վատնվող մեծ գումարների մասին:

Ամեն քայլափոխին, այդ թվում՝ հանրապետության գլխավոր ճանապարհների կամուրջներին, հանդիպում ենք օնլայն խաղատների մասին գովազդների, և վստահ եմ՝ բոլորդ գիտեք, թե ինչ մեծ գումարներ են վատնվում դրանց վրա, և ինչպիսի բացասական ազդեցություն են թողնում հասարակության շրջանում:

Ճիշտ է՝ վերոնշյալ բուքմեյքերական ընկերությունների կողմից փակցված գովազդներից գումարներ են մուտք լինում պետբյուջե, սակայն բուքմեյքերական ընկերություններն իրենց բացասական հետևանքներն են ունենում անփափահասների շրջանում և քայքայում են հազարավոր ընտանիքներ:

Ողջունելով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը՝ հնարավորինս իմ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը:

Հ.Գ. Խնդրում եմ՝ չփնտրել քաղաքական ենթատեքստ»,- մասնավորապես գրել է Միքայելյանը։

  • Կիսվել: