կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սահմանազատման հարցին մերձավոր գործընկերների արձագանքի բացակայությունը կասկածներ է առաջացնում. Վարդանյան

Սահմանազատման հարցին մերձավոր գործընկերների արձագանքի բացակայությունը կասկածներ է առաջացնում. Վարդանյան

Այն համատեքստում, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը, միջազգային գործընկերները բարձր են գնահատել սահմանազատման գործընթացը, կան երկրներ, որոնք լուռ են։ Եվ դա հիմնավորված կասկածներ է առաջացնում այն մասին, որ տեղի ունեցողը չի բխում նրանց շահերից, չկա արձագանք մերձավոր գործընկերներից, ինչը հիմք է տալիս ենթադրություններ անել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա հիշեցրել է, որ  գործընթացը ողջունել են Իրանը եւ Վրաստանը։ «Երբ մենք ասում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման շարժումը եւ գործընթացը կարող են օգտագործվել այլ երկրների կողմից, որոնք չեն ցանկանում այդ գործընթացը, մենք հիմք ենք ընդունում նաեւ այն, թե ինչպես են նրանք արձագանքում այդ գործընթացին»,- ավելացրել է պատգամավորը։ Վարդանյանը նշել է, որ կան երկրներ, որոնք առհասարակ չեն արձագանքել։

Նրա գնահատմամբ, եթե ուշադրություն դարձնենք անձանց, որոնք ներգրավված են բողոքի շարժման մեջ, ապա նրանցից շատերը սերտ կապեր ունեն երրորդ երկրների հետ։

Պատգամավորը ենթադրել է, որ ընդդիմությունը խաղում է մարդկանց հույզերի հետ՝ դա վտանգավոր երեւույթ անվանելով։ «Ես Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցից։ Հնչում են հուզական հայտարարություններ, որոնք չունեն փաստացի հիմքեր։ Եթե մենք քննարկում իրականացնենք առանց հույզերի, ապա դա ավելի արդյունավետ կանցնի»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ ակցիաների ճանապարհով փորձեր են արվում ոչ այնքան լուծել կիրանցիների անվտանգության խնդիրը, որքան խոչընդոտել գյուղում անվտանգ միջավայրի ստեղծմանը։

«Հայաստանի քաղաքացիներին պետք է առանց հույզերի բացատրել սահմանազատման եւ սահմանագծման անցկացման անհրաժեշտությւոնը»,- ընդգծել է Վարդանյանը։

  • Կիսվել: