Սա շատ վատ ավանդույթի սկիզբ է. Մարուքյանը՝ հրատապ ասուլիսում
Հայաստանի խորհրդարանական կյանքում այն, ինչ իշխանությունը անում է, առաջին մեծ հետընթաց արձանագրում է ժողովրդավարությունից, թափանցիկությունից, այսօր լրագրողների հետ հրատապ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խմբակցությունը հրատապ ասուլիսը հրավիրել էր ԱԺ-ում Երևանի կարիքների համար «Կամազների» նվիրատվության գործընթացն ուսումնասիրելու համար Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի տապալումից հետո: Խորհրդարանական մեծամասնությունը չէր մասնակցել քվեարկությանը, իսկ երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին բավարարել այն ստեղծելու համար:
«Սա շատ վատ ավանդույթի սկիզբ է, որը կարող է դառնալ ավանդական», -հայտարարեց Մարուքյանը: Նա նշեց, որ եթե ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվեր իշխանական խմբակցությունն ունենալու էր մեծամասնություն և եթե հանձնաժողովի նախագահ Անի Սամսոնյանը առաջարկեր հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին, հանձնաժողովը կարող էր դեմ արտահայտվել և չհրավիրել:
«Նման դասավորությամբ հանձնաժողով ստեղծելուց իշխանությունը վախենում է, որովհետև կան կասկածներ, որոնք փոխանակ փարատեն, ավելի խորացնում են», -եզրակացրեց Մարուքյանը: