Սա լկտի և զոռբա պահվածք է. ՔՊ–ն իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է բերել. Արծվիկ Մինասյան
Մենք էլ ենք անակնկալ եկել, որովհետև ընդամենը երեկ երեկոյան ԱԺ կայքէջում տեղադրվեց խորհրդի նիստի օրակարգի մասին ծանուցում, այն մասին, որ խորհուրդը այսօր առավոտ ժամը 11-ին հրավիրում է նիստ քննարկելու համար պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, որի օրակարգում ընտրական օրենսգրքի փոփոխությունն է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, սա իշխանության լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակներից մեկն է. «Ոչ միայն նման հրատապությամբ նիստ հրավիրելու, առանց նախապես ծանուցելու, առանց նախապես գոնե ողջամիտ ժամկետ տրամադրելու համար։ Նախագիծը երեկ արագ դրվել է շրջանառության մեջ, մի քանի ժամվա տարբերությամբ խորհրդի նիստ են հրավիրել և այսօր էլ արդեն արտահերթ նիստի օրակարգ են բերել։
Այսօր ժամը 10:30-ին ես և խմբակցության ղեկավարը՝ Սեյրան Օհանյանը մասնակցել ենք խորհրդի նիստին, ներկայացրել ենք, որ չի կարող նման կարևոր հարցը այսպիսի այլանդակ արագությամբ բերվի առանց պատշաճ քննարկման, որովհետև դիտորդական առաքելություն իրականացնողներին, հատկապես նրանք, ովքեր որ վերջին ՏԻՄ ընտրություններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, այս մարդկանց ընդհանրապես չեն ծանուցել, չեն քննարկել այս մարդկանց հետ, չի քննարկվել ընդդիմության հետ, չի քննարկվել հասարակական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, որոնք իշխանության սրտի ներկայացուցիչները չեն։ Չի քննարկվել նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպիսին Վենետիկ–ԺՀՄԻԳ համակարգն է, որն ի դեպ, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում է»,–ասաց նա։
Անդրադառնալով ներկայացված փոփոխության բովանդակությանը, խմբակցության քարտուղարն այն բնորոշեց որպես «իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ»։
«Բացառում են և զրկելու են բոլոր էն անձանց, որոնք դիտորդական առաքելության կարգավիճակ են ստացել, եթե որևէ կերպ նրանց գնահատականները, խոսքերը, մոտեցումները այս կամ այն քաղաքական ուժի քննադատություն է պարունակում, որը քարոզչություն կամ հակաքարոզչության անվան տակ են իրենք ներկայացնում։
Նաև պահանջում են, որ դիտորդական առաքելությունը պետք է բացահայտի ֆինանսական աղբյուրը։ Եվ եթե այդ ֆինանսական աղբյուրի մեջ լինի, օրինակ, որևէ ձևով հեռավոր կապ որևէ թեկնածուի կամ նրա հետ ասոցացվող անձի հետ, ապա զրկվում են այդ անձինք և կազմակերպությունները դիտորդական առաքելությունից։
Նրանք որևէ կերպ, որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել։ Եթե հնչեցրեցին նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող գործողություն և զրկում են նրանց այդ կարգավիճակից»,– հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։


