երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Բուրգ լե Վալանսի քաղաքապետը պատասխանել է իրեն սպառնացող ադրբեջանցիներին

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Բուրգ լե Վալանսի քաղաքապետը պատասխանել է իրեն սպառնացող ադրբեջանցիներին

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին սպառնալիքներ են հնչել:

Նա գրառման մեջ անդրադարձել է 2014 թ. Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի ՛՛սև ցուցակում՛՛ ներառվելուն, խոսել է նաև 2016 թվականին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև՝ Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին:

Մուղիեն վստահեցրել է, որ հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլև՝ նրանց բարեկամ Թուրքիայի:

Քաղաքապետը գրել է. ՛՛Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ՛՛:

Նա նշել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը, ուստի Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար սպառնալիքներ հնչեցրել:

Գրառման մեջ քաղաքապետը նշել է, որ որևէ մեկը չի կարող իրենց փոխարեն որոշել` ում հետ կարող են շփվել և ում հետ՝ ոչ։ ՛՛Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել, մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը՛՛,-գրել է նա՝ հավելելով, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ իր միակ նպատակն է ավարտին հասցնել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: