Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոնֆերանսում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար՝ նախարարը տեղեկացրել է, որ 7-րդ նստաշրջանից հետո, վերջին 2 տարիների ընթացքում, Հայաստանը քաղաքական և ինստիտուցիոնալ առումով անցում է կատարել դեպի ժողովրդավարություն՝ հատկապես տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման առումով:
Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նոր Կառավարության գործունեությունը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, կայուն հասարակության կառուցմանն ու հավելել, որ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվել են իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:
Հակակոռուպցիոն պայքարում ՀՀ արդարադատության նախարարն ընդգծել է նաև իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովման ու կրթական և իրազեկման միջոցառումների իրականացման կարևորությունը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել նաև UNCAC- ի սկզբունքների հիման վրա մշակված, Կառավարության կողմից օրեր առաջ ընդունված ու Ազգային ժողով ուղարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մշակումը, որով նախատեսված իրավական մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվի օրինական եկամտի աղբյուրներով: