շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատմանը․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատմանը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատմանը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսական կողմը բազմիցս դիմել է Երեւանին եւ Բաքվին՝ ուժ կիրառելուց զերծ մնալու եւ բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​միջոցներով լարվածությունը նվազեցնելու կոչով: Շեշտվել է ներկայիս պայմաններում առճակատման հռետորաբանության կիրառման հակաարդյունավետությունը: Եվ մենք շարունակում ենք ելնել նրանից, որ երկարաժամկետ լուծումը սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների մեկնարկն է՝ դրանց հետագա սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», -ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին հարցին։

«Ինչ վերաբերում է եռակողմ աշխատանքային խմբին՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ, ինչպես հավանաբար արդեն տեսաք, հաղորդումներ են հրապարակվել այն մասին, որ օգոստոսի 17-ին նա վերսկսել է իր գործունեությունը: Նիստը տեղի է ունեցել Մոսկվայում, համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքում, եւ մենք գոհունակությամբ նշում ենք, որ կողմերին հաջողվել է վերադառնալ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մոտեցումների պրակտիկ քննարկմանը: Մեր տեսանկյունից դա կոչված է նպաստել այս տարածաշրջանի զգալի տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը․ «Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով: Ելնում ենք նրանից, որ երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է: Պատրաստ ենք համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է դիվանագետը:  

«Անվերապահ առաջնահերթություն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրականացումը: Բաքվի եւ Երեւանի հետ ամենաբարձր եւ բարձր մակարդակով շփումներն իրականացվում են պարբերաբար: Ամառվա ընթացքում Մոսկվայում հուլիսի 7-ին կայացել է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Հայաստանի վարչապետի, իսկ հուլիսի 20-ին՝ Ադրբեջանի նախագահի հետ: Անհրաժեշտ աշխատանքները շարունակաբար տարվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության, սահմանապահ գերատեսչությունների գծով, դեսպանություններն ակտիվորեն աշխատում են: 

Ձեւաչափերը քննարկվում են կողմերի հետ, եւ որոշումները կայացվում են` ելնելով հանդիպման առավել արդյունավետությունից եւ գործի օգտակարության համար դրա ձեւաչափից: Որոշ հարցերի քննարկումների մանրամասները, հաշվի առնելով հատուկ զգայունությունն ու խնդիրները, ներառյալ անվտանգությունը, միշտ չէ, որ հրապարակվում են: Դա կարող է խանգարել կայուն արդյունքի հասնելուն»,- նշել է Զախարովան:

  • Կիսվել: