շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց

Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց

Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության՝ 2026 թվականի զեկույցում անդրադարձ է արվել Հարավային Կովկասին:

Մասնավորապես՝ փաստաթղթում ասվում է, որ Վաշինգտոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնագրերի կնքումը Մոսկվայի տեսանկյունից կարող են ազդարարել տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման սկիզբը։ 

Նշվում է նաև, որ դա սպառնալիք է Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին:

Ըստ զեկույցի՝ Ռուսաստանն ամերիկյան նախագծի հաջողությունը դիտարկում է որպես սպառնալիք՝ նաև Կենտրոնական Ասիայում իր ազդեցության և դիրքի համար:

Փաստաթղթում նշվում է, որ ի պատասխան՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ վիժեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և «նախագահ Դոնալդ Թրամփի անունով տարանցիկ միջանցքի ստեղծումը»:

«Քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը զգալիորեն փոխվել է 2025 թվականի ընթացքում, նախագահ Թրամփի նախաձեռնությունը խափանելու՝ Մոսկվայի լավագույն միջոցը Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելն է: Այսպիսով, Ռուսաստանը, հավանաբար, 2026 թվականին Հայաստանի վրա ազդեցության լայնածավալ արշավ կսկսի։ Այն ուղղված կլինի Հայաստանում խորհրդարանի ընտրությանը միջամտելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և ազգայնական թվացող, բայց, ըստ էության, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կառավարության հաստատմանը»,- ասված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում:

  • Կիսվել: