Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կարևորագույն զսպիչ գործոն է. Դավիթ Տոնոյան
Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կարևորագույն զսպիչ գործոն է, որը խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը և նպաստում է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ, գրում է «Արմինֆո» գործակալությունը։
Ընդգծելով հատուկ նշանակությունն այն բանի, որ Հայրենիքի պաշտպանի օրն ընթացիկ տարում անցնում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի ևԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ իրադարձությունները դարձել են հիմնաքար գլոբալ անվտանգության համակարգի ձևավորման մեջ, ինչը թույլ է տվել մարդկությանը խուսափել նոր համաշխարհային պատերազմներից։
«Փետրվարի 23-ը՝ Հայրենիքի պաշտպանի օրը, արժանի տեղ է զբաղեցնում զինվորական փառքի առավել պատվարժան շարքում, ու թեև այդ օրը պետական տոն չի համարվում Հայաստանի Հանրապետությունում, այն ապրում է ավագ սերնդի հիշողություններում և սրտերում, արտացոլում է սերունդների անքակտելի կապը և ռազմական ավանդույթների փոխանցումը, ինչպես նաև իր մեջ մարմնավորում է հայրենիքին անձնուրաց ծառայությունը»,- նշել է Դավիթ Տոնոյանը։