չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը հիմա դիմադրում է ոչ թե ինչ-որ քաղաքական օրակարգի, այլ Հայաստանի Հանրապետությանը. Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հիմա դիմադրում է ոչ թե ինչ-որ քաղաքական օրակարգի, այլ Հայաստանի Հանրապետությանը. Անդրանիկ Քոչարյան

Ըստ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմա դիմադրում է ոչ թե ինչ-որ քաղաքական օրակարգի, այլ դիմադրում է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին նա նշեց այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին ու նրանց հայտարարություններին, թե Արցախի 70 տոկոսը կորցրած իշխանությունները պատրաստվում են առաջիկայում նոր զիջումների գնալ, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Արցախի 70 տոկոսի հետ կապված բանակցությունները վարում էին Արցախից Հայաստան տեղափոխված 2 անձնավորություն` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ, դրա համար էլ մեր առաջնագծի ինժերենական կահավորանքը հենց այդ ողբերգական վիճակում է եղել, և գուցե հենց քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատճառները, թե ինչու էին այդ վիճակում հարավային հատվածում մեր ինժեներական կառույցները, որտեղ մենք ունեցանք ճեղքումներ: Այսօր այդ դիմադրության շարժումն իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»:

Ի դեպ, պատգամավորը նկատեց` երկրորդ նախագահն այսօր առանց դիմակում է հրապարակում, իսկ օրեր առաջ դատարան չէր ներկայացել, քանի որ քովիդի ախտանշաններ էին նկատվել: «Շատ հետաքրքիր տրամաբանությամբ է շարժվում նախագահի պաշտոնը երբեմն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը և հիմա դիմադրում է ոչ թե ինչ-որ քաղաքական օրակարգի, այլ դիմադրում է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև նա և իր թիմակիցները չեն պատկերացնում առանց իշխանության իրենց ՀՀ-ի ներսում օգտակար որևէ քաղաքական գործունեություն ծավալելու մեջ»:

 

  • Կիսվել: