երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանն ավելի ընդդիմադիր է, քան Սերժ Սարգսյանը. հետազոտության արդյունքներ

Ռոբերտ Քոչարյանն ավելի ընդդիմադիր է, քան Սերժ Սարգսյանը. հետազոտության արդյունքներ

«ՀՀ-ում գործող կուսակցությունների ներկայացուցիչներից ո՞ւմ գիտեք», GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի աշխատակիցներն ուսումնասիրության ընթացքում այս հարցը տվել են 1517 քաղաքացու։

Ըստ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի՝ Նիկոլ Փաշինյանին գիտի հարցվածների 76%-ը, Արարատ Միրզոյանին՝ 40.7%-ը, Ալեն Սիմոնյանին՝ 30.4%-ը, Լիլիթ Մակունցին՝ 22.4%-ը, Լենա Նազարյանին՝ 17.5%-ը: ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանին գիտի քաղաքացիների 81.3%-ը, Նաիրա Զոհրաբյանին՝ 63.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին գիտի հարցվածների 59.7%-ը, իսկ Մանե Թանդիլյանին՝ 30%-ը։

GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ն հարցված քաղաքացիներին խնդրել է գնահատել, թե որքանով են կուսակցությունները ընդդիմադիր. գնահատման սանդղակում «1»-ը նվազագույն միավորն է, 5-ը՝ առավելագույն։ Ըստ Արամ Նավասադրյանի՝ ՀՀԿ-ն ստացել է 3.5 միավոր, ՀՅԴ-ն՝ 3.1 միավոր, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»՝ 2.9 միավոր, «Սասնա Ծռերի» միավորը 2.8 է, իշխող ՔՊ-ին էլ ընդդիմադիր են համարում 2.1 միավորի չափով։ Կազմակերպությունը գնահատել է նաև առանձին գործիչների՝ ընդդիմադիր լինելու աստիճանը:

Ըստ այդմ՝ հարցվածները Ռոբերտ Քոչարյանին ամենաընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչն են համարում, ընդ որում՝ ավելին, քան Սերժ Սարգսյանին: Այսպես՝ երկրորդ նախագահը ստացել է 3.6 միավոր, նույնչափ ընդդիմադիր են Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, Սերժ Սարգսյանի ընդդիմադիր վարկանիշը 3.5 միավոր է՝ հնարավոր 5-ից։

«Հայաստանում ներկա պահին կա՞ն քաղբանտարկյալներ» հարցին քաղաքացիների 22.5%-ը դժվարացել է պատասխանել, «ոչ» ասել է 48.3%-ը, «այո»՝ 29.2%-ը։ «Այո» և «Դժվարանում եմ» պատասխանը տված քաղաքացիների 14.5%-ը նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը, «Սասնա ծռեր» խմբի անդամներին նշել է 3.5%-ը, Մանվել Գրիգորյանին՝ 2.2%-ը, իսկ Նաիրի Հունանյանին՝ 1.4%-ը։


  • Կիսվել: