շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
 
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:
 
 
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար:
 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:
 
Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:
 
 
Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
 
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:
 
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:

  • Կիսվել: