կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ խմբակցության պատգամավորը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

ՔՊ խմբակցության պատգամավորը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մարտի 5-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:

«Միջազգային կառույցների անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցներում նշվում է, որ մեդիա ոլորտը Հայաստանում շատ բեւեռացված է»,- ասել է Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով երկրի մեդիա ոլորտին վերաբերող հարցերին: Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խոսքի ազատությունը Հայաստանում առաջադիմել է:

Պատգամավորի խոսքով մեդիա ոլորտի բեւեռացման պատճառներից է նաեւ լրատվամիջոցի ֆինանսական ազատություն չունենալը. թերզարգացած է գովազդի շուկան եւ այդ ամենը հանգեցնում է պատվեր կատարելուն: Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ լրատվամիջոցը պետք է անաչառ լրատվություն մատուցի, պետք է տեղեկատվությունը նախ ուսումնասիրվի, հետո ներկայացվի օբյեկտիվ փաստ: Պատգամավորը հավելել է, որ շատ լրատվամիջոցներ գործում են այս կամ այն քաղաքական կուսակցությունների պատվերով: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է նաեւ կուսակցական մեդիա:

Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավոր կլինի կարգավորել դաշտը եւ միաժամանակ չսահմանափակել խոսքի ազատությունը:

Ապագա դիվանագետները պատգամավորի հետ զրուցել են նաեւ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին:

  • Կիսվել: