Քոչարյանի պաշտպանները դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։
Վարդևանյանը, որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք, նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող՝ մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
Ըստ Քոչարյանի պաշտպանների՝ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։
Եվս մեկ հանգամանք․ըստ court.am կայքի «արձակուրդներ» բաժնի տեղեկատվության՝ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում, ըստ էության, գործը հնարավոր չէ քննել։ Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը նշեց, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է դեկտեմբերի 24–ին։
Մեղադրող կողմն անհիմն համարեց ներկայացված փաստերն ու հանգամանքները, նշելով, որ դրանք չեն կարող դատավորի կողմնակալության հարցում կասկածներ առաջացնել։
Վարդևանյանն արձագանքեց, որ օրեր առաջ դատախազները Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավոր՝ Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այդ նույն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղ գտած գրառման պատճառով։ Արդյունքում այդ գրառումը դատավոր Պապոյանի ինքնաբացարկի պատճառը դարձավ։
Ինքնաբացարկի միջնորդությունը քննելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 18–ին, ժամը 14:00–ին։