կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանը բացատրեց, թե ինչ է նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից

Քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանը բացատրեց, թե ինչ է նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից

Թե ինչ է նշանակում բանակցությունները սեփական կետից սկսել, բացատրվել է դեռ 2019 թվականի մարտի 12-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Այսօր Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` մինչ ԱԽ նիստում ելույթ ունենալը, ինքն այդ տեքստը նախապես համաձայնեցրել է Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ ԼՂ երրորդ նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակում։

Նա հիշեցրեց` հենց այդ նիստում ինքը հայտարարել է, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի քվեն, լիազորությունը ստացած որևէ սուբյեկտ։ Նա խոստացել է` Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Այդ նիստում նա նաև ընդգծել է, որ կարևորագույն գործառույթներից մեկն է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը։ Հիշեցրել է իր` ավելի վաղ արած հայտարարությունը, որում նշել էր` ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Նա ընդգծել է, որ սա իր ներդրումն է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար։

Նիստում Փաշինյանը նաև հայտարարել է` թեպետ Ադրբեջանի նախագահի կողմից համապատասխան արձագանք չկա, բայց ինքը պատրաստ է շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, քանի որ վստահ է` Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

«Պետք է անկեղծ ասեմ, որ այսօրվա հեռավորությունից էլ այդ ելույթն ու դիրքավորումը համարում եմ ադեկվատ և հայկական շահերից բխող, բայց վերը նկարագրված բոլոր իրադարձությունների և փաստարկների ֆոնին»,– ասաց Փաշինյանը։

Ըստ նրա` հենց այս ելույթում էլ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում հետագա քաղաքականությունը, որի խորքային իմաստն ու նպատակը փակուղուց դուրս գալու հնարավորություններ գտնելն էր։

  • Կիսվել: