հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկում է բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հնարավորությունը, որոնք գործում էին ԽՍՀՄ ժամանակաշրջանում․ Գրիգորյան

Քննարկում է բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հնարավորությունը, որոնք գործում էին ԽՍՀՄ ժամանակաշրջանում․ Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումների վերաբերյալ: Փոխվարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է: Գործում են նաև 2 ենթախմբեր, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում՝ զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հարցերի հետ կապված: Գրիգորյանի խոսքով՝ պլանավորել էին մի զեկույց ունենալ մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, քանի որ աշխատանքներն ու քննարկումները ցույց են տվել, որ կա հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն:

Ենգիբարյանը անդրադառնալով կոնկրետ քննարկումներին՝ հետաքրքրվեց, թե ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում:

Փոխվարչապետն արձագանքեց. «Հիմնականում քննարկվում են երկաթգիծ, ավտոճանապարհ»:

Նրա վստահեցմամբ՝ ավելի վաղ «Կոմերսանտ»-ում հրապարակված քարտեզի մասին չէ խոսքը:

«Ըստ էության, սովետական ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,-ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: