կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
«Քցելու» տրամաբանությունը, բնական է, միշտ կա». Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հնարավոր վարքի մասին

«Քցելու» տրամաբանությունը, բնական է, միշտ կա». Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հնարավոր վարքի մասին

Չեմ ուզում Ադրբեջանի նախագահին մեկնաբանել, մեզ մոտ էլ շատ բան մենք ենք ասում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, ով ասել էր. «Մենք ասացինք եւ թշնամի Հայաստանը մեր պահանջով վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը:  Այդպես է լինելու հետայսու»:

«Դա ներքին լսարանի համար է նախատեսված: Այնուամենայնիվ, հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը բարձրացնում ենք եւ մեզ համար մշտապես զարմանալի եւ անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել, հրապարակավ՝ այլ: Ես կարող եմ իմ օրինակը բերել, որ երբ ես բանակցում եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, այնտեղ դիմացի կողմից այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված,  շատ սիրալիր հանդիպում է: Կա այլ խոսույթ, դրա համար մենք ասում ենք, որ այդ ատելության խոսքը պետք է նվազեցնել, այդ հռետորաբանությունը պետք է հանել, որովհետեւ դա չի բռնում իրական բանակցություններին»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ալիեւը, որ մի տեղ մի բան է ասում, մի ուրիշ տեղ՝ այլ բան, կգնա խաղաղության ու չի «քցի» Հայաստանին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որեւիցե մեկի հետ կապված այդ «քցելու» տրամաբանությունը, բնական է, միշտ կա, բայց դու պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկես, որ իմանաս, որ այդ  հավանականությունը դու նվազեցնում ես: Խաղաղության պայմանագիրը, հստակ սահմանը ամենանվազեցնող բանն է, որ կարող է լինել: Ասում ենք՝ ամրացված գիծ ենք ստեղծում, բայց ո՞վ կարող է ասել, որ այդ գիծը 100 տոկոսով կարող է պաշտպանված լինել: Բայց մենք այնուամենայնիվ, դա ստեղծում ենք եւ դա կարեւորագույն գործողություն է: Հիմա սահման ունենալը, խաղաղության պայմանագիրը  ամրացված գծից էլ ավելի պինդ ու էլ ավելի ուժեղ փաստարկ է, որ պետությունը պետք է անի: Դրա համար այդ ամենի հետ մեկտեղ զբաղվում ենք բանակի ամրապնդմամբ»:

  • Կիսվել: