ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելու նպատակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ունենա «իր անձնական զորքը» և անմիջական հսկողություն պետական պահպանության ծառայության նկատմամբ․ Վանեցյան

ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելու նպատակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ունենա «իր անձնական զորքը» և անմիջական հսկողություն պետական պահպանության ծառայության նկատմամբ․ Վանեցյան

Պետական պահպանության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին դարձնելու նախագիծն ունի մեկ նպատակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ունենա անմիջական հսկողություն պետական պահպանության ծառայության նկատմամբ և ունենա «իր անձնական զորքը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Պետական պահպանության ծառայությունը տարանջատելով ԱԱԾ-ից՝ լինելու են շատ խնդիրներ, որովհետեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար կան հատուկ ստորաբաժանումներ, օրինակ՝ Օպերատիվ-տեխնիկական վարչություն, Արտաքին դիտման վարչություն, Օպերատիվ ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Կամ պետական պահպանության ծառայությունն առանձնանալով՝ պետք է լինի ևս մեկ որոշում, որ թույլատրվում է ևս մեկ մարմնի իրականացնել գաղտնալսումներ։ Նշանակում է, որ իշխանությունները հնարավորություն կունենան շրջանցելով դատարանները՝ իրականացնել գաղտնալսումներ, իշխանությունները հնարավորություն կունենան ուղիղ, առանց ԱԱԾ համակարգի, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն»,- նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է այնպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, որ այդ ծառայությունը վերազինելու համար պետք է ծախսվի մի քանի միլիոն դոլար, որպեսզի կարողանան պետական պահպանության ծառայությունը դարձնել ինքնուրույն մարմին.

«ԱԱԾ-ում կան վարչություններ, որոնք սպասարկում են տեխնիկապես ողջ համակարգը՝ ֆինանսական վարչություն, իրավաբանական վարչություն, տնտեսական վարչություն, մեքենաներ և այլն։ Հիմա այս ամբողջը նույն վարչություններից բացվի պետական պահպանության ծառայությունում, այսինքն՝ ևս այնտեղ պետք է ընդունվեն օրինակ՝ 100 աշխատողներ, այդքան մարդկանց պիտի տան աշխատավարձեր. ո՞րն է նպատակը»։

Նշենք, որ ԱԱԾ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարել և  Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին:

  • Կիսվել: