Ահա այսպիսի «սրբազան պայքար»՝ այլևս մեր ազգային ինքնության անքակտելի մասը հանդիսացող հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ. ՊՎԾ ղեկավար
Ահա այսպիսի «սրբազան պայքար»՝ այլևս մեր ազգային ինքնության անքակտելի մասը հանդիսացող հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ։ Այս մասին գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Պետության և սահմանադրական կարգի դեմ ցանկացած ոտնձգություն և դրսևորում հայրենադավ, հակապետական ու ինքնակոչ (փրկիչ, սրբազան և այլն) խմբավորումների կողմից արժանանալու է ՀՀ իրավապահ մարմինների հուժկու և կտրուկ հակադարձմանը՝ լեգիտիմ ուժի կիրառմամբ, օրինական բոլոր միջոցներով։ Հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Պետրոսյանը։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները:
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: