շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փորձում ենք լինել հնարավորինս ազնիվ դաշնակից եւ լինել միջազգային հանրության հնարավորինս պատասխանատու անդամ. Փաշինյան

Փորձում ենք լինել հնարավորինս ազնիվ դաշնակից եւ լինել միջազգային հանրության հնարավորինս պատասխանատու անդամ. Փաշինյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում եւ՛ պրոռուսական, եւ՛ պրոուկրաինական, եւ՛ հակառավարական ցույցեր են լինում: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին ուկրաինական եւ ռուսական քաղհասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ իշխանական շրջանակների կողմից հնչեցված մեղադրանքներին:

«Մեր գործընկերներից մեկը ինձ ասաց, որ ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս, ինչո՞ւ չեք արգելում այդ ֆիլմի ցուցադրությունը: Լրիվ պատահական, այնպես էր ստացվել, որ ես այդ օրն օդանավակայան մեկնելուց առաջ որոշեցի Կինոմոսկվայի մոտ սրճարան կա, մտնել այնտեղ սուրճ խմել, նոր գնալ օդանավակայան: Պատուհանից երեւում էր աֆիշան, մեկ էլ նայեմ՝ իմ նկարը եւ գրած է՝ Իշխանություն, որը խիստ հակաիշխանական ֆիլմ էր ցուցադրվում Հայաստանի թիվ մեկ կինոթատրոնում: Ես էլ անհարմար վիճակից դուրս գալու համար ասացի՝ գիտեք, թե իմ մասին ինչ ֆիլմ են ցույց տալիս երկրի թիվ մեկ կինոթատրոնում, նրանք չհավատացին, ես ասացի, որ վերադառնամ, կխնդրեմ մեր արարողակարգին, այդ ֆիլմի տոմսեր կգնի մի քանի հատ եւ որպես նվեր կուղարկի ձեր դեսպանատուն: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում եւ՛ պրոռուսական, եւ՛ պրոուկրաինական, եւ՛ հակառավարական ցույցեր են լինում»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանին միայն չեզոքության մեջ չէ, որ մեղադրում են, մեղադրում են նաեւ ոչ չեզոք լինելու մեջ. «Իրենք որոշակի ստրուկտուրալիազված են, որովհետեւ մենք ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, ԱՊՀ անդամ ենք, մյուս կողմից ՄԱԿ-ի անդամ ենք, ԵԽ անդամ ենք, ԵԱՀԿ-ի անդամ ենք: Մենք չենք կարող առանձին գլոբուսի վրա ապրել: Մենք փորձում ենք լինել հնարավորինս ազնիվ գործընկեր եւ դաշնակից, լինել միջազգային հանրության հնարավորինս պատասխանատու անդամ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ի հետ 2022-ին առեւտրաշրջանառությունը հսկայական աճ է ունեցել, որը Հայաստանի համար հնարավորություն է. «Մյուս կողմից արեւմտյան երկրներից անհանգստություններ են հնչում, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը օգնում է, որպեսզի սանկցիաները շրջանցվեն. սա սպառնալիք է մեզ համար: Եթե Հայաստանն ընկնի պատժամիջոցների տակ, այս հնարավորությունը կփլուզվի: Մենք չենք պատրաստվում որեւէ բան լքել, պատրաստվում ենք այնպես անել, որ Հայաստանը լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր»:

Ըստ նրա՝ այժմ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմա կա, որով առաջընթաց չկա. «Եթե ստացվի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ ունենք համաձայնություն, մենք արդեն կունենանք ոչ թե 7 տոկոս, այլ 12-13 տոկոս տնտեսական աճեր»:

  • Կիսվել: