չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Փոխնախարար Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը

Փոխնախարար Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը մայիսի 7-9-ը մասնակցել են ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կայացած «Crossroads of the World» միջազգային առևտրի գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը համախմբել էր պետական, բիզնես և միջազգային կազմակերպությունների կարևոր ներկայացուցիչների՝ քննարկելու գլոբալ առևտրի, տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունների թեմաները։

Հանդիպումների ընթացքում Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը, ներդրումային ներուժը և երկրի՝ Հարավային Կովկասում մրցունակ առևտրային հանգույց ձևավորելու ռազմավարական տեսլականը։

Նա նաև անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել նահանգային սենատոր, Յուտայի սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քըրկ Քուլիմորի հետ, Նահանգապետի գրասենյակի Տնտեսական հնարավորությունների վարչության տնօրեն Ֆրանց Քոլբի, ինչպես նաև Աշխարհի առևտրի կենտրոն Յուտայի նախագահ Ջոնաթան Ֆրիդմենի և Սթիրլինգ հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Մայլս Հանսենի հետ։

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է նաև Յուտա նահանգի նահանգապետ Սփենսեր Ջ. Քոքսի հետ։

Կազմակերպված հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք ռազմավարական հարցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա գործակցության վերաբերյալ։

  • Կիսվել: