երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Անհնար է լինել կոռուպցիայի դեմ պայքարող մարդ ու պայքարել, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական. Ալեքսանյան

Անհնար է լինել կոռուպցիայի դեմ պայքարող մարդ ու պայքարել, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական. Ալեքսանյան

Եթե անկեղծ լիներ մեր ընդդիմությունը, առնվազն կարձանագրեր, որ քաղաքական մեծամասնությունը թափանցիկության ու հաշվետվողականության առումով մեկ քայլ առաջ է արել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով ՔՊ-ին նրա համար, որ խորհրդարանում ստեղծել է ձևաչափ, որի համաձայն՝ ԱԺ-ի առաջ հաշվետու  են ՔԿ-ի նախագահը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նկատեց՝ ինքը կարող է պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե նրանց իշխանության ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը գար, կանգներ ԱԺ ամբիոնի մոտ, ինչ հարցեր կտրվեին, ու ինչ խայտառակ տեսարաններ կունենային:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատությանը, թե ինչու չի բացահայտվում Պողոս Պողոսյանի սպանությունը, հիշեցրեց՝ ինչ է տեղի ունեցել այդ սպանության դեպքով:

«Պողոս Պողոսյանը, ըստ հրապարակումների, սրճարանում տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ասել է՝ պրիվետ, Ռոբ, դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան և սկսել են ծեծել Պողոս Պողոսյանին: Պողոսյանը մահացել է: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մահացել է սրտի կանգից: Այսինքն՝ մարդուն տարել են զուգարան, սկսել են ծեծել ձեր կուսակցական ընկերոջը, մարդը մահացել է: Ուղղակի զարմանալի զուգադիպությամբ իր ծեծվելու ընթացքում սիրտը կանգնել է: Ոնց որ ծեծողները այդքան էլ մեղավոր չեն, սիրտն է կանգնել: Հիմա ասում եք՝ ինչի չեք բացահայտում: Ուզում եմ հասկանամ՝ ի՞նչը պետք է բացահայտել այսքան տարի հետո, ո՞նց պետք է դա բացահայտել»,- դիմելով Խաչատրյանին՝ ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ կա օբյեկտիվ իրականություն՝ ակնհայտ է, որ նոր դատաբժշկական փորձաքննություն կատարելը ֆիզիկապես անհնար է:

«Գրեթե անհնար է այդ գործը նորմալ բացահայտելը»,- հավելեց Ալեքսանյանը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ծեծողներից մեկը խոստովանի, որ այնքան են ծեծել, մինչև Պողոսյանը մահացել է:

Անդրադառնալով Խաչատրյանի՝ անմեղության կանխավարկածը հարգելու հայտարարությանը, ՔՊ պատգամավորը հարց ուղղեց՝ ում անմեղության կանխավարկածը՝ Ռոբերտ Քոչարյանի՞, որը համաձայնել է իր գործը ոչ արդարացնող հիմքով կարճել:

«Ի՞նչ անմեղության կանխավարկած կա այդտեղ: Կներեք, բայց չկա: Չի՛ կարող այդտեղ  անմեղության կանխավարկած լինել: Այդտեղ ավելի շատ մեղավորության կանխավարկած կա, պարո՛ն Խաչատրյան: Դա մեղավորության կանխավարկած է, եթե մարդը համաձայնում է իր մասնակցությամբ գործը ոչ արդարացնող հիմքով կարճել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Խաչատրյանի պնդումներին, թե իշխող ուժի կողմից կոռուպցիայի մասին անհասցե մեղադրանքներ են հնչեցվում, պատասխանեց՝ դրանից ավելի հասցեական չի լինում:

«Այդ ապօրինի գույքերը, այդ կոռուպցիայի դրսևորումները մեր քաղաքացիները, մենք էլ ներառյալ, անգիր գիտենք: Շենքի նախագծով կարող են ասել՝ որ տունն ումն է: Ամենօրյա ռեժիմով Հակակոռուպցիոն դատարանը վճիռներ է կայացնում ապօրինի գույքի բռնագանձման մասին, ու սա այլևս անդառնալի է ձեզ համար, քանի որ ձեր վերջին մարտը հանուն ապօրինի գույքի ՍԴ-ում տանուլ տվեցիք: Կարելի է ասել, դա ձեր Վատերլոոն էր, հարգելի գործընկիերներ: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ Վատերլոոյի հետևանքերը դուք դեռ երկար եք քաշելու, որովհետև սա անշրջելի պրոցես է»,- հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ անհնար է լինել կոռուպցիայի դեմ պայքարող մարդ ու պայքարել, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական: Այդ դեպքում ստացվում է, որ պայքարում ես ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ հանուն կոռուպցիայի:

Ինչ վերաբերում է  շինարարության ոլորտում արձանագրված թերությունների մասին ընդդիմադիրների մեղադրանքներին՝ պատգամավորը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նկատեց՝ շինարարության 70-80 տոկոսը պատկանում է երկու խմբակցությունների հետ փոխկապակցված մարդկանց: 

Որպես օրինակ՝ Ալեքսանյանը բերեց Ռոբերտ Քոչարյանի խնամու շինարարական ընկերությունը, որը տենդերներ է շահում ու ճանապարհներ կառուցում:  

  • Կիսվել: