Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:
Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով և դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը և նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներըն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:
Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը: