շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Պիղծ է այդ սրբազանների ուղին, պետք է հասկանան` գործիք են դարձել իշխանիկի ձեռքում. Րաֆֆի Հովհաննիսյան

Պիղծ է այդ սրբազանների ուղին, պետք է հասկանան` գործիք են դարձել իշխանիկի ձեռքում. Րաֆֆի Հովհաննիսյան

Մեծ տոնակատարություն է ողջ քրիստոնեական աշխարհում, նաև մեր եկեղեցում, այսօր լցվում ենք հավատով, հանձնառությամբ, անգամ այս ամենադժվարին պայմաններում սիրով և այդ մեծ հույսով, որ մենք կտեսնենք ավելի բարի օրեր, Քրիստոսի ծննդին արժանի վարք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Էջմիածնի Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսները հայտարարությանը, նա նշեց. «Ես անձամբ և կարծում եմ՝ մեր ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում այլևս պարոն Նիկոլին որպես վարչապետ։ Ինքը ամենօրյա խախտման մեջ է, դավաճանման մեջ է, իր սեփական երդման որպես վարչապետ առ ոչինչ է, անվավեր է։

Իսկ սրբազանները կարծելով, իրենք իրենց համոզելով, որ ինչ–որ բան նորոգելու աստվածատուր առաքելության մեջ են, մոռացել են սեփական բարեվարքության կանոնները և ուղղակի այդ մի իշխանիկի ձեռքի գործիք են դարձել, կապ չունի ինչ պատճառներով։ Հավանականությունը մեծ չէ, բայց այդ 10-ից գոնե մեկը պիտի կարողանա գտնել այդ բարոյական ուժը, այդ քաղաքացիական քաջությունը, մի քիչ հետ տանելու իրենց վարքը և հասկանալու, որ այն ուղին, որ իրենք բռնել են, պիղծ է, ոչ միայն աստվածաբանական առումով, այլ մարդկային և ամենօրյա վարքի առումով։

Ես կարծում եմ, որ կապ չունի, այնտեղ փող է, սեփական հետագիծը թաքցնելու, իրենց ունեցվածքը արդարացնելու, իրենց ներքին կյանքը սքողելու նպատակ ունի, բայց այդ փառամոլությունը, մեծամտությունը, ինքնահավանությունը, որը վարակել է շատերին և ցավոք սրտի այդ հոգևորականներին, գոնե պիտի մի հատ բացառություն տեսնի։

Եթե այդ 10–ը շարունակեն խորացնել իրենց վարքը, իրենք այդ չվարչապետի հետ պիտի մտնեն մեր ապագա պատմագրության մեջ, որպես նզովքներ, որպես ոսոխներ հայ ժողովրդի»,– հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա շարունակեց. «Ես իրենց անձնական կյանքի մասին չգիտեմ, մեկը կնոջ հետ, մյուսը տղայի հետ, մեկը փողի համար, բոլորն էլ խորանադավ են դարձել, ցավոք սրտի։ Հնարավոր է, որ իրենց ծառայության ընթացքում կաթողիկոսի հետ լարումներ, անձնական խնդիրներ ունեցել են, Վեհափառը որոշումներ է կայացրել, որ իրենց հարմար չէ, ձեռնտու չէ։ Ես ինքս կարող եմ որոշ բողոք ներկայացնել այս կամ այն կաթողիկոսի վարքի պահով, թեկուզ իմ քաղաքացիական, քաղաքական գործունեության պահով՝ նայելով դեպի անցյալ, բայց դա որևէ մեկին արդարացում և իրավունք չի տալիս մտնել եկեղեցու ասպարեզ, ոստան և փորձել դրսից, մանավանդ որպես ՀՀ պաշտոնյա, պահանջել սա կամ նա։

Կամ թող մնան եկեղեցու մեջ և փորձեն բարեփոխել ներսից, կամ թող բոլորը միասին ինքնակամ կարգալույց լինեն, հետո թող որպես քաղաքացիներ իրենց պայքարը տանեն։

Բայց տանել դժոխային պառակման, հարցականի տակ դնել մեր հազարամյա արժեքը, ազգի միասնությունը, մեր վաղվա օրը, սա անընդունելի է, այն էլ Սուրբ Ծննդյան նախաշեմին, որը ցույց է տալիս ամբողջական արհամարհանք մեր ժողովրդի, ազգի և պետության նկատմամբ։ Սա հարձակում է ոչ միայն եկեղեցու նկատմամբ, սա որոշակի է մեր պետության և սահմանադրական կարգի հանդեպ»։

Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում եկեղեցի–պետություն լարված հարաբերությունների հանգուցալուծումը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չէ, որ դա պիտի որոշեմ, առաջիկա գործընթացների արդյունքում, եթե հայ ժողովուրդը այդպես կամենա, և կարծում եմ լուռ մեծամասնությունը թեկուզ այդպես է կամենում, պիտի լինի այս իշխանախմբի փոփոխություն, նաև ընդդիմության փոփոխություն, մեր ներսի փոփոխություն և վերանորոգում, և դրան զուգահեռ նաև եկեղեցու բարեփոխում, բայց ներսից կանոնադրական վերափոխում, ոչ թե դրսից հրահանգված՝ այդ դուրսը լինի Հայաստանի Հանրապետության իշխաններ, Թուրքիայի վարչապետ, ով խոսում է կաթողիկոսի իր թեկնածուի մասին արդեն, կամ մտածում է թեկուզ։

Մենք պիտի բացառենք այդ հնարավորությունը, որ ժամանակին ֆանտաստիկ կթվար, բայց հիմա արդեն չի բացառվում, որ մի օր, եթե թույլ տանք այս ընթացքը, ոչ միայն Հայաստանի վարչապետը, այլ կաթողիկոսը կորոշվեն այլ երկրում, այլ մայրաքաղաքում և դա ամենաահավոր անեծքը կլինի մեր ժողովրդին»։

Նա չբացառեց նաև քաղաքացիական բախումների հնարավորությունը. «Իրենց պահվածքից, անպատասխանատու, ինքնաքրիստոս իրենց հանգամանքից դա չի բացառվում։ Դրա համար մենք այսօր պիտի ասենք, որ հայտնությունը Քրիստոսինն է, իսկ ով ինքնաքրիստոս է, լինի Հայաստանում, թե արտասահմանում, ինքը պետք է անէանա»։

  • Կիսվել: