ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պետք է ցույց տանք, որ սա մե՛ր Մայր Աթոռն է. Մելիքյանը կոչ է անում 10 եպիսկոպոսներին դիմավորել Սուրբ Էջմիածնում

Պետք է ցույց տանք, որ սա մե՛ր Մայր Աթոռն է. Մելիքյանը կոչ է անում 10 եպիսկոպոսներին դիմավորել Սուրբ Էջմիածնում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսների տարածած նոր հայտարարությանը, որով վերջիններս կոչ են անում դեկտեմբերի 18-ին հավաքվել Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՛՛հանգստի կոչելու արդար պահանջով՛՛:

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում Մելիքյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Պետք է այնտեղ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-խմբ.) նրանց դիմավորել, մենք պետք է պատրաստ լինենք տիրադավների ցանկացած գործողության։ Ուղղակի մարդիկ այնտեղ լինեն՝ պաշտպանելու Մայր Աթոռը՛՛:

Նա հավելել է, որ իրենք խաղաղ մեթոդներով են իրենց աջակցությունը հայտնելու Սուրբ Էջմիածնին։

՛՛Իհարկե, պետք է սպասել Մայր Աթոռի արձագանքին, որովհետև առաջնային արձագանքի իրավունքը Մայր Աթոռինն է, բայց մենք էլ չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Պետք է խաղաղ ձևով այնտեղ լինենք ու ցույց տանք, որ սա մե՛ր Մայր Աթոռն է, տիրադավների Մայր Աթոռը չէ, նրանք շեղվել են իրենց հոգևոր առաքելությունից և ոչինչ չունեն Մայր Աթոռում անելու, առավել ևս՝ Վեհափառ Հայրապետին ՛՛հանգստի կոչելու՛՛ պահանջով այնտեղ հավաքվելու՛՛,-նշել է Մելիքյանը:

  • Կիսվել: