շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

Պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

Արցախը մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր հայրենիքը. բոլոր նրանք, ովքեր ասում են, թե եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որպեսզի փրկենք մյուս մասը, գլուխները պատով են տալիս։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք մի մասը զիջելով՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր պետականությունը։ Դրա համար այս պատասխանատու օրը ես ասում եմ, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաեւ Հայաստանի աղետն է։ Արցախը հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է։ Արցախը մեր ուժն է, անվտանգությունն ու արժանապատվությունը։ Արցախն այսօր կանգնած է հայաթափման եւ էթնիկ զտման առաջ՛՛:

Ըստ Սաղաթելյանի՝ կա երեք կարեւոր սկզբունքային պահանջ, որ պետք է ապահովվի. ՛՛Առաջինը՝ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի կայուն, հուսալի ցամաքային կապ, եւ երրորդ՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր զինված ուժերով պետք է ստեղծի միասնական անվտանգային համակարգ՛՛։

Հայաստանում, Սաղաթելյանի խոսքով, չկա որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը: Նա նշեց, որ այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում:

՛՛Այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ ՛՛Դիմադրություն՛՛ շարժումն է եւ այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը, այս հրապարակն է եւ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին՛՛,-հայտարարեց նա:

Դիմելով ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, դուք այսօր Նիկոլի իշխանության միակ պահապանը եւ հենարանն եք, դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար: Դուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին՛՛:

  • Կիսվել: