հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին. Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը

Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին. Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը

25 տարի առաջ ՀՀ հասարակական-քաղաքական օրակարգն ականապատվեց մի ազգակործան ու դավադիր թեզով՝ ՛՛Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել՛՛։ Այս մասին ՛՛Հայաստան՛՛ դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ հայտարարությամբ սկիզբ դրվեց Արցախը և մեր տնտեսական բարեկեցությունը, Արցախի ու Հայաստանի շահերն իրար հակասելու, հայաստանցիներին ու ղարաբաղցիներին իրարից զանազանելու և նույնիսկ իրար հետ թշնամացնելու քաղաքականությանը։ Տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ այդ թույնը կաթեցնում էին մեր հանրային գիտակցության մեջ։ Այսօր Արցախի զգալի մասը թուրքին է տրվել․ լա՞վ ենք ապրում դրանից հետո՛՛:

Նրա խոսքով՝ քաղաքական իշխանությունն ասում է՝ զարգացման նոր հնարավորությունների դարաշրջան է բացվում։ ՛՛Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին, Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրու՞թն էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը։ Կապիտուլյացիա՞ն էր ձեր տնտեսական քաղաքականության հիմքը՛՛,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ խոստացված տնտեսական քաղաքականության արդյունքները տեսանելի են՝ գները շարունակում են աճել, ավելացել են արտագաղթի ծավալները։

Խաչատրյանը հավելեց, որ  երբ այդ մասին իշխանությանը հարց են ուղղում, արձագանքում են, թե համաշխարհային գներն են աճել, իրենք ոչինչ չեն կարող անել։ 

  • Կիսվել: