Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։
«Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը, իմիջիայլոց, տեղի է ունենալու, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի անդամ է։
Ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը մասնակցելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Եվ հույս ունեմ, որ հաջորդ տարի մեր հանդիպումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը։