Պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ անվտանգային իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ալիևի սադրիչ հայտարարություններով․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Սյունիքում անցկացրած խորհրդակցության ընթացքում:
Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ «Զանգեզուր», ոչ «Սյունիք», ոչ «միջանցք» արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանն, ըստ այդ պայմանավորվածության, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում` Նախիջևանի տարածքով»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում, ըստ էության շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: