չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պաշտոնյաները ներկայացնելու են նաև հանգստի համար կատարած ծախսերը․ Կառավարությունն առաջարկում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ

Պաշտոնյաները ներկայացնելու են նաև հանգստի համար կատարած ծախսերը․ Կառավարությունն առաջարկում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ

Կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում խորհրդարան է ներկայացրել հերթական օրենսդրական նախաձեռնությունը՝ Հանրային ծառայության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

«Այս նախագիծն ուղղված է պետական կառավարման թափանցիկությանը, հաշվետվողականության խրախուսմանը, հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց ցանկի ընդլայնմանը և հայտարարագրման ենթակա տվյալների ցանկի ընդլայնմանը», -նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախագծով կառավարությունն առաջարկում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներդնել նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտը։ «Ծախսերի հայտարարագրման տեսանկյունից նախագծով որդեգրվել է հետևյալ մոտեցումը՝ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, ապա այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը», -ներկայացրեց նախարարը։

Օրենսդրական փաթեթով սահմանվում է սպառիչ թվարկված ծախսերը հետևյալն են՝ հանգստի համար կատարված ծախսեչրը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման համար վճարվող վարձավճարները, ինչպես նաև՝ վարկի մարմանն ու անշարժ գույքի վերանորոգմանն ուղղված ծախսերը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ընդհնարապես, որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, ենթակա կլինի հայտարագրման։

  • Կիսվել: