կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի՞նչ զրույցներ է ունեցել Փաշինյանը 2020թ-ի 44-օրյա պատերազմի օրերին Պուտինի հետ․ վարչապետը մանրամասներ ներկայացրեց

Ի՞նչ զրույցներ է ունեցել Փաշինյանը 2020թ-ի 44-օրյա պատերազմի օրերին Պուտինի հետ․ վարչապետը մանրամասներ ներկայացրեց

«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույսի 18-ի կեսգիշերին: Ես բնականաբար համաձայնեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, մեջբերում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, այս որոշումը կայացվել է ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության, մեջբերման ավարտ: Այս հայտարարության վերաբերյալ դեռ մինչև հրապարակումը մենք խրհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը: Սակայն ի հեճուկս հայտարարության՝ հոկտեմբերի 18-ին նույնիսկ հրադադար չհաստատվեց՝ չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում:

Վարչապետը որոշ մանրամասներ պատմեց իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցներից։ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ` 44 օրյա պատերազմի ընթացքում ինքը հոկտեմբերի 13–ին է առաջին անգամ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցով` ի՞նչ անել, որպեսզի հրադադար հաստատվի ու պատերազմը կանգնեցվի։ Մի քանի օր հետո ստացել է պատասխան։

«ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն` կարգավիճակի անորոշությամբ»,– ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ օրն, ըստ Փաշինյանի, ՌԴ նախագահի հետ համաձայնության են եկել հանձնարարել թիմերին` աշխատել այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ։

Արդեն հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը։

«Իսկ պայմանը հետևյալն է` 7 շրջանները վորադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂՀ–ՀՀ կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, կարգավիճակի հարցը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային»,– պատմեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։ Հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ խոսելուց հետո հայտնել է Փաշինյանին, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները, կամ ավելի կոնկրետ` 5 շրջանները, որովհետև երկուսն արդեն իր վերահսկողության տակ է եղել։

Փաշինյանն այս մասին պատմել է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բայց ոչ թե նրա համար, որ նրանք կիսեն իր հետ պատասխանատվությունը, այլ որ այսկերպ հանրությանը տեղեկացնի իր պլանների մասին։

  • Կիսվել: