ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ»

Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետեւում իր թիմակիցների հետ քննարկել է Թուրքիա իրականացվող իր այցի նպատակները։

Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը բացատրել է, որ մեկնում է Անկարա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով։

Մեր տեղեկություններով՝ վարչապետը շեշտել է, որ ամեն գնով անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի ընտրությունները ունենալ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթ՝ «Խաղաղություն» վերնագրով։ Քաղաքական թիմում սա գնահատվում է որպես ռազմավարական քայլ՝ իր իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար։

Հետաքրքիր է, սակայն, որ «խաղաղության» ճանապարհին մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան. ի՞նչ է լինելու գերիների ճակատագրի հետ, ի՞նչ փուլում են օկուպացված տարածքների շուրջ բանակցությունները, ի՞նչ ընթացք է ունենալու անհետ կորածների որոնումը եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյունիքից պահանջվող միջանցքի գաղափարին։

Թիմակիցների մի մասի համոզմամբ միջազգային «խաղացողները»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, չեն կարողացել ապահովել կայունություն՝ չնայած իրենց ֆիզիկական ներկայությանը տարածաշրջանում։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է ուղիղ կապի մեջ մտնել Անկարայի հետ՝ Խաղաղության համաձայնագրի արագացված կնքման հույսով, որ 2026 թվականին վերընտրվի:

Մնացածը՝ հետո։ Կամ կլինի, կամ ոչ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: