երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փաշինյանն ու Պուտինը մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ

Փաշինյանն ու Պուտինը մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը խոր մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Այս մասին ասված է այսօր Մոսկվայում ՀՀ վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հանդիպման արդյունքում հրաապարակված համատեղ հայտարարության մեջ:

՛՛Այդ կապակցությամբ Կողմերը մտադիր են հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով: Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ կողմերն ընդգծել են միջազգային ահաբեկչությանը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով, վերջինիս հետ կապված ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի, սպառազինությունների և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաև երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսական սնուցման աղբյուրների և ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջված լինելը:

 

  • Կիսվել: