Փաշինյանն իր էջում տարածել է իշխանամետ Civic.am–ի նյութը՝ «Հեղաշրջման պլան»-ի մասին
Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով իշխանամետ Civic.am-ի հրապարակումը՝ «Հեղաշրջման պլան»-ի մասին։
Այս հրապարակմանն արձագանքել է նաեւ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա նախ այն որակել էր դավաճանության պլան, ապա կոչ էր արել պլանում նկարագրված գործողությունների մասնակիցներին ապաշխարել. «Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ ապաշխարել։ Հավանաբար մինչեւ վերջ չեք էլ պատկերացրել ում եւ ինչին եք ծառայում։ Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։ Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ: Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։
Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի: Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։
Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։ Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»։