երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փաշինյանի գործողությունները համապատասխանում են թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` ՀՀ-ի և Արցախի հանդեպ. Աբովյան

Փաշինյանի գործողությունները համապատասխանում են թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` ՀՀ-ի և Արցախի հանդեպ. Աբովյան

Երբ ես ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը պետք է անհապաղ հեռանա, ընդամենը արձանագրում եմ այն անհերքելի փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իրականում իր բոլոր գործողություններով, քայլերով և գաղափարներով համապատասխանում է թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` Հայաստանի և Արցախի հանդեպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: 

՛՛Սա բնավ չափազանցություն չէ, այլ պարզ իրականություն, որի պատճառով Նիկոլը մեզ բոլորիս և Մեր Հայրենիքը տարավ ազգային արհավիրքի։

Ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ չի կարող մարդը մշտապես սխալվել, դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։

Տեսեք, Փաշինյանի կողմից իրականցված գոնե մեկ-երկու քայլ պետք է լինեին ճիշտ, եթե նա պարզապես վարում է ապիկար և անգրագետ քաղաքականություն, բայց արի ու տես, որ բոլոր քայլերը սխալ են, ավելի ճիշտ իր բոլոր քայլերը և գործողությունները հստակ բխում են թուրքերի և ադրբեջանցիների շահերից։

Ինչու է նա այդպես վարվում, մենք իհարկե հետագայում կպարզենք, սակայն ակնհայտ է նաև այն, որ ոչ Երկիրը, ոչ Հայ ազգը չունի ժամանակ, որ թույլ տա թուրքերին` Նիկոլի ձեռքերով իրականացնել հակահայկական ծրագրեր։

Ես համոզված եմ, որ Փաշինյանի կառավարության բոլոր քայլերը շատ մտածված և հեռանկարային են և արդեն միայն կույր և խուլ մարդը կարող է ենթադրել, որ Նիկոլի թուրքահաճո տեսլականի իրագործումը` ապիկարության հետևանք է։

Եվ հաշվի առնելով այս ամենը, ինձ նաև հետաքրքիր է. մինչև ու՞ր պետք է հասնի իրավիճակը, որպեսզի որոշ մարդիկ հասկանան, որ իրենք կորցնում են ոչ միայն Հայրենիք, այլ վտանգը անխուսափելիորեն մոտենում է հենց իրենց տների դռները։

Չնայած... հաշվի առնելով, թե ինչպես իշխանավոր նիկոլականները մարդկանց դարձրեցին` լկտի և սուտ տեղեկատվական հնարքների պատանդ, կարծում եմ, որ մինչև թուրքերը չհայտվեն ոմանց ննջասենյակում , իրենք կշարունակեն "փակված" մնալ իրենց մեջ և միայն գանգատվել վիրտուալ տիրույթում՛՛։

  • Կիսվել: