կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց. Սամվել Բաբայան

Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց. Սամվել Բաբայան

Ես որեւէ ժամանակ չեմ ասել, որ չեմ ցանկանում գալ, երկրորդը, ես որեւէ հարցից չեմ խուսափում, դրա համար հրավիրել են՝ եկել եմ: Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

«Ես ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա։ Ես անուններով չեմ խոսել, ես դրվագներով, ըստ փաստերով հուշել եմ, թե ինչ ուղղությամբ կարող է լինել քննությունը։ Ես եկել եմ որպես քաղաքացի, ներկայացրել եմ այն, ինչից տեղյակ եմ եղել։ Հանձնաժողովը կհասնի իր նպատակին, թե ոչ՝ ես չեմ կարող ասել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբայանը։

Հարցին՝ ո՞վ է եղել 44-օրյա պատերազմի մեղավորը, նա պատասխանեց. «Մեկը չի եղել: Դուք կոնկրետ անուն, ազգանո՞ւն եք ուզում լսել: Եթե պաշտպանության բանակի հրամանատարն ինքը չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ միասին ղեկավարում են եւս այլ անձինք, ուրեմն այդտեղ պետք է քննություն գնա եւ ճշտվի: Ես անուններով չեմ խոսում, ես դրվագներով, փաստերով, ըստ ստեղծված իրավիճակի հուշում եմ՝ ինչ ուղղությամբ կարող են գնալ»:

Բաբայանը հայտարարեց, որ շարունակում է պնդել իր նախորդ ասածը, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների դավադիր որոշմամբ հանձնվեց Արցախը. «Եթե ես մի բան ասում եմ, հետո չեմ փոխում իմ տեսակետը»:

Անդրադառնալով անձամբ Նիկոլ Փաշինյանի մեղավորությանը, Սամվել Բաբայանն ասաց. «Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Երկրորդը խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է: Դուք ինչո՞ւ եք համարում, որ ոչ ճիշտ քաղաքական, ռազմական  ղեկավար նշանակելը դա քաղաքական դավաճանություն չէ»:

Նա պնդեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրելը դավաճանություն է. «Եթե ես հասկանում եմ, որ այս մարդուն նշանակում եմ էս պաշտոնին, էս խնդիրը չի կարող անել, դա դավաճանությո՞ւն է , թե՞ ոչ»:

  • Կիսվել: