Փաշինյանի առաջարկած «Հայկական խաչմերուկը» թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքն է․ Րաֆֆի Հովհաննիսյան
՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ո՛չ իշխող ուժի՝ հարևանների հետ հարաբերության կարգավորման տարբերակին է կողմ, ո՛լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ-ն Միութենական պետության մեջ տեսնելու տարբերակին: Այս մասին Հովհաննիսյանն ասել է Factor TV-ի հետ զրույցում:
՛՛Ես կարծում եմ, որ Հայաստանը չունի ապագա թուրք-ադրբեջանական կեղծ ապագայի խաչմերուկում, ՛՛Հայկական խաչմերուկը՛՛ ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկած ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛,-նշել է նա
Հարցին՝ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությո՞ւնը, որ ինքը ՛՛Հայկական խաչմերուկ՛՛ անվամբ է վերաձևակերպել ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ նախագիծը՝ ակնարկելով, որ ՀՀ-ի՝ արևելքից արևմուտք ձգվող ճանապարհով Ադրբեջանը կապվելու է Թուրքիային՝ քաղաքական պայմանավորվածության դեպքում, Հովհաննիսյանը տվեց դրական պատասխան:
՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավարն ասել է, որ մենք խաչմերուկ եղել ենք միշտ՝ քաղաքակրթական խաչմերուկ, և կարիք չկա ՛՛Զանգեզուրյան միջանցքը՛՛ նոր վերնագրով մատուցելու հայ ժողովրդին։
՛՛Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը դատապարտված է ձախողման։ Նույնպես մենք պետք չունենք ի շրջանս յուր վերադառնալու խորհրդային անցյալին։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է խորացնի իր ինքնիշխանությունը՝ հարգելով մեր հարաբերությունները թե՛ ռազմավարական դաշնակիցների, թե՛ բարեկամական պետությունների հետ արևմուտքում, արևելքում և այլն։ Ես չեմ կարծում, որ մեր անվտանգային ապագան որևէ մեկի բացարձակ զամբյուղի մեջ պետք է գտնվի՛՛,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։