երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Եթե մեկ-երկու օր էլ քնած մնանք, այս երկիրը, հավատացեք, էլ մերը չի լինելու. Գեղամ Նազարյան

Եթե մեկ-երկու օր էլ քնած մնանք, այս երկիրը, հավատացեք, էլ մերը չի լինելու. Գեղամ Նազարյան

Սա դասական իմաստով  հանրահավաք չէ, սա հերոս տղերքի ծնողների արդարության, օրինակության համար մղվող պայքարի մի մասնիկն է և այսօր, հավաքելով այստեղ, ընդամենը ևս մեկ անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր միտքը, մեր ասելիքն առ այն, որ չկարծեք մենք երբևէ մոռանալու ենք այն, ինչ եղել է, չկարծեք, որ ծնողները մոռանալու են ինչ է եղել և մեր վրեժի պայքարը, իրավական բոլոր հիմքերն ունենալով, մենք շարունակելու ենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝  Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով, այն պատերազմը, որ բերեցին մեր երկիր, այն արյունը, որ բերեցին մեր տուն, արհեստածին էր, այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենը ինչ-որ մեկը չասեր՝ «ավելի լավ է ինձ գժի տեղ դնեն, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն»։

«Դավաճան», «դավաճան» բղավեցին հավաքվածները։

Գ. Նազարյանի խոսքով, իդեալականն այն կլիներ, որ այստեղ հավաքված լիներ առնվազն 8000 ծնող, 16 հազար քույր և եղբայր, սակայն հիմա, ովքեր այստեղ են, բոլոր հերոս նահատակ տղերքի հավաքական կերպարն են ու արտահայտում են բոլորի շահերը։

«Ծնողների մի մասն այս ծանր հարվածից հետո  պարզապես նոկաուտային վիճակում են, կորցրել են հետաքրքրությունն ամեն ինչի նկատմամբ, այստեղ բոլոր հավաքվածներս պետք է օգնենք նրանց այդ վիճակից դուրս կան։ Կան ծնողներ, ովքեր որոշել են այս կամ այն նպատակով մի կողմ քաշվել, բայց վստահեցնում եմ, որ նրանք փոքրամասնություն են։

Մենք հետևողական ենք լինելու և նա, ով գիտակացաբար մեր երկիր, տուն պատերազմ, արյուն, ողբերգություն բերեց և օրեր առաջ էլ խոստովանեց՝ կարող էր այնպես անել, որ մեր տղերքն այսօր մեր կողքին լինեին, դրանից հետո, կարծում եմ, որևէ բանական մարդ չի կարող անտարբեր լինել»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը։

Նա ասաց, որ եթե մեկ-երկու օր էլ քնած մնանք, այս երկիրը, հավատացեք, էլ մերը չի լինելու, բայց տղերքը մեզ օգնում են և մենք այդ գործը պետք է ավարտենք։

Նշենք, որ ակցիայի ընթացքում զոհված զինծառայողների հարազատներից շատերը կրում են իրենց անմահացած որդիների, եղբայրերի, ամուսինների  լուսանկարներով շապիկներ, կամ ուղղակի բռնել են նրանց լուսանկարները։

  • Կիսվել: