երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Որևէ «միջանցքային» տրամաբանության չենք համաձայնվելու. ԱԳ նախարար

Որևէ «միջանցքային» տրամաբանության չենք համաձայնվելու. ԱԳ նախարար

Հիշում եմ, կարծում եմ՝ դուք էլ հիշում եք, թե մինչև այս գործընթացում առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ հունվարի 14-ին, մեդիադաշտում և սոցցանցերում ինչպիսի փոթորիկ էր այն մասին, թե ՀՀ կառավարությունը ինչ-որ գաղտնի նախապայմաններով գաղտնի գործընթացների մեջ է մտնում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հուսամ՝ այդ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունում, որը, ի դեպ, հավաստվեց և գրեթե նույնական էր նաև թուրքական կողմից տրված հաղորդագրության հետ, նշված էր, որ գործընթացը սկսելու կամ այդ գործընթացն ավարտին հասցնելու՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու որևէ նախապայման թուրքական կողմից չի դրվել, հայկական կողմից չի դրվել»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ է ունեցել:

«Որոշակի տեխնիկական և բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ է եղել. հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- նշեց ԱԳ նախարարը:

Կա նաև տեսակետ, որ Անկարան կարող է կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «միջանցքային» տրամաբանության հետ: Անդրադառնալով այս մտահոգությանը՝ Միրոզոյանը նշեց, որ եղել են մի քանի հրապարակումներ այն մասին, որ թուրքական փորձագիտական, պատգամավորական շրջանակներից միջանցքի տրամադրման հարցն իսկապես արծարծել են:

«Այստեղ կրկին մեր դիրքորոշումը վաղուց և բազմիցս հայտնել ենք. այդ թվում և հենց այս ամբիոնից. մենք որևէ «միջանցքային» տրամաբանության չենք համաձայնվելու. դա մեզ համար անընդունելի է: Մենք կողմ ենք տարածաշրջանային տրանսպորտային տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ ստանալու, իսկ, ահա, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում՝ Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից:

Այստեղ կարևոր մեզ համար ընկալումն է, որ որևէ ճանապարհ, որից կօգտվի երրորդ կողմը, պետք է լինի այն երկրի սուվերենության և օրենսդրության տակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ «միջանցք» չի կարող լինել: Նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. մնացած բոլոր ճանապարհների մասին խոսում են որպես ճանապարհներ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: