Ոմանք հուսահատ ճիգեր են անում իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար. Փաշինյան
Տեսեք, 2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել, ինչքան ենք չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպես չի, որ մենք հաղթահարել ենք մենաշնորհները։ Շուկաները դե յուրե բաց են եղել բոլորի համար, այդ ընթացքում, այո, բենզինի ներկրում էլ է եղել, ընդլայնվել է շուկան, բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մի ծայրը՝ Հայաստանից դուրս, այդ մենաշնորհների այդ խնդիրները լուծել։ Եվ հիմա մեր բոլորի առաջ շուկա բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են։ Բնականաբար այդ բոլոր ընկերությունները հիմա վերջին հուսահատ ճիգերն են գործադրում և մեծ ներդրումներ են անում, հակաարշավ են անում իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։
Մինչդեռ երբ Հայաստանի սպառողները տասնամյակներով, տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար, ոչ մեկը այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տալ, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված և գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն և բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ»,–ասաց Փաշինյանը։


