չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը՝ անդրադարձ պատմական հիշողությանն այսօրվա համատեքստում» խորագրով քննարկում

«Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը՝ անդրադարձ պատմական հիշողությանն այսօրվա համատեքստում» խորագրով քննարկում

Ապրիլի 16-ին Բելգիայի Լյուվեն քաղաքում տեղի ունեցավ «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը՝ անդրադարձ պատմական հիշողությանն այսօրվա համատեքստում» խորագրով քննարկումը, որին բացման խոսքով հանդես եկավ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Բանախոսներն էին Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս վան Հոֆը, Լյուվեն համալսարանի ուսանողների ասոցիացիայի հիմնադիր Մարիամ Հարությունյանը և Քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանության հարցերով ավագ մասնագետ Նիկոլա Դավիթյանը։

Դեսպանն իր խոսքում նշեց, որ 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության նկատմամբ իրականացված կոտորածներն առաջին անգամ Անտանտ դաշինքը նույն թվականի մայիսի 24-ին որակեց որպես «մարդկության դեմ հանցագործություն»։ Այնուհետև, Ռաֆայել Լեմկինը 1944թ․ կիրառեց «Ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություննները։ Ընդգծեց, որ թերևս Հայոց ցեղասպանությունից անցել է 109 տարի, սակայն նույն գաղափարախոսությունը և մտածելակերպը դեռևս տիրում է Ադրբեջանում, ինչի վառ ապացույցն է նախորդ տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, որն իրականացվեց Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների և միջազգային իրավական կարգի կոպտագույն խախտմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը՝ 1954թ․ Հաագայի կոնվենցիայի ոտնահարմամբ։ ԼՂ հայկական ժառանգությունը ներկայումս կանգնած է իսպառ ոչնչացման եզրին։

Անդրադարձավ միջազգային հանրության հետևողական քաղաքականության անհրաժեշտությանը՝ մասնավորապես շեշտելով ԵՄ համապատասխան գործիքակազմի առկայության մասին, որը ցավոք դեռևս չի գործածվում իր ամբողջ ծավալով՝ համանման հանցագործությունները կանխարգելելու և վերջինիս կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Իր խոսքում Էլս վան Հոֆը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը և այն հանգամանքը, որ Ադրբեջանը ջանք չի խնայում լռեցնելու քննադատությունները։ Հայտնեց իր զորակցությունը ցեղասպանությունից տուժած հայ սերունդներին և ներկայացրեց Դաշնային խորհրդարանում իր և իր գործընկերների կողմից այս թեմայով իրականացվող աշխատանքները։

Անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած հայ բնակչության էթնիկ զտմանը՝ դատապարտելով այդ հանցավոր գործողությունների անպատժելիությունը։ Ավելացրեց, որ Եվրոպական միությունը պետք է շարունակի դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հանցավոր գործողությունները հասցեագրելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։

Նիկոլա Դավիթյանը ներկայացրեց իր քաղաքական փորձը և ծավալած գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Ելույթներին հաջորդեց հարցուպատասխան, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան մի շարք հարցեր ուղղել բանախոսներին։

  • Կիսվել: