կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ՝ սեփական ժողովրդի դեմ. Փաշինյան

Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ՝ սեփական ժողովրդի դեմ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում հայոց բանակի ծառայությունը: Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում իր հրավիրած հավաքին:

Նա մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել 2018-ից հետո կառավարություն-զինված ուժեր հարաբերություններում: «Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել՝ ԶՈՒ-ի համար, միայն 1 տարվա ընթացքում՝ 2019-ին մենք 50 մլրդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը՝ պաշտպանական բյուջեն, մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, պայմանագրայինների աշխատավարձերը: Եվ մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը: Բայց այո, պետք է չթաքցնել, որ բանակում ցավոք սրտի, այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, ցավոք դեռևս ունի մի քանի կամակատարներ՝ ՀՀ ԶՈՒ-ում, և այդ կամակատարները պետք է անմիջապես հեռանան»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ այդ անձինք հրապարակներում իրեն փորձում են մեղադրել դավաճանության մեջ:

«Բա դավաճանի կոչով այսքան մարդ ի՞նչ գործ ունի հրապարակում»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ փաստորեն, հավաքվածներին են ուզում մեղադրել դավաճանության մեջ:

Փաշինյանը հավելեց՝ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն ասել է, որ դեռ հոկտեմբերին զանգել է բանակին, ասել, որ իշխանությունը վերցնեն:

«Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ՝ սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել: Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ՝ ոչ մի րոպեԻնչո՞ւ է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած. որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները՝ այդ հրապարակներում «հոխորտացողները», միլիոնավոր դոլարների դղյակատերերը»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում:

Նա վստահություն հայտնեց, որ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ:

  • Կիսվել: