Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ռուսաստանի ուժեղացած հարձակումների ֆոնին բնակիչներին խորհուրդ է տվել, հնարավորության դեպքում, ժամանակավորապես տեղափոխվել Ուկրաինայի այլ քաղաքներ՝ հատկապես եթե այնտեղ հարազատներ կամ ընկերներ ունեն։
«Այսօր խոսքը գոյատևելու մասին է»,- ասել է նա AFP գործակալությանը տված հարցազրույցում։
Կլիչկոն նշել է, որ իշխանությունները ձմռանն ընդառաջ պատրաստում են ջեռուցման պահուստային համակարգեր և կուտակում վառելիք, սնունդ ու խմելու ջուր։ Այդուհանդերձ, հակաօդային պաշտպանության անբավարար աշխատանքի դեպքում քաղաքը կարող է հայտնվել ծանր իրավիճակում։ Քաղաքապետը նաև զգուշացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով ջրամատակարարման խափանումը կարող է լայնածավալ ճգնաժամ առաջացնել։
Միաժամանակ Կլիչկոն ընդգծել է, որ կոչ չի անում ամբողջությամբ տարհանել Կիևը։ Նրա խոսքով՝ դա կհամապատասխաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակին՝ ստիպել ուկրաինացիներին լքել իրենց քաղաքները։



