կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան

Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այդ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի մասին է. ոչ դրա մասին չէ: Այդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է, այդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ադրբեջանը այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել: Մենք ընդհակառակը, ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որ ապահովենք հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանն ասում է, որ եթե Հայաստանը մեզ այդ ճանապարհները չտա, մենք Իրանով  ճանապարհ կկառուցենք. «Մենք ասում ենք, այնպես, ինչպես Իրանն է պատրաստ ճանապարհ տրամադրել, մենք էլ ենք պատրաստ տրամադրել: Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում է: Այդպիսի բան գոյություն չունի:

Հաջորդը, որ էլի շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ըստ 9-րդ կետի երրորդ կողմը պետք է ապահովի անվտանգություն ՀՀ տարածքում: Եռակողմ հայտարարությունում նման բան գոյություն չունի: Ընդհակառակը, գրված է, որ Հայաստանն է երաշխավորում, որ անվտանգություն ապահովվի:

Հաջորդը, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ձեւակերպում, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, մասնավորապես, ՌԴ-ն պետք է այն վերահսկի: Գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը ապահովում է ՌԴ-ն: Շատ կարեւոր է, որ այս կետի մեկնաբանությունն արտահայտված է ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 10-ի թե 11-ի հրամանագրի մեջ, որտեղ հանձնարարություն է գրվում ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ: Այսինքն սուբյեկտը, որ ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ եռակողմ հայտարարության 9-րդ  կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն պետք է լինի տեղում, որովհետեւ այդ վերահսկողություն իրականացնելու ձեւերից է, որ օրինակ, Հայաստանը կարող է պարբերաբար զեկույցներ լինեն, որ հաղորդակցությունն ապահովված է, այսինքն պայմանավորվածությունը կատարված է:

  • Կիսվել: