Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գերիների փոխանակման վերաբերյալ համատեղ պայմանավորվածությանը:
՛՛Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։
Իր հերթին, մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի՛՛,-նշել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:
Հավելենք նաև, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող գերիների անունները: