Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ստացա հստակ ուղերձ. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն ամփոխել է այցը Հայաստան
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Հայաստան կատարած իր առաջին այցի ավարտին արտահայտել է իր անսասան աջակցությունը բարեփոխումներին և խաղաղությանը: Այս մասին նշված է Երևանում ԵԽ գրասենյակի տարածած՝ Ալեն Բերսեի Հայաստան այցելությունն ամփոփող հաղորդագրության մեջ:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ Ալեն Բերսեն վերահաստատել է կազմակերպության անսասան աջակցությունը երկրի ժողովրդավարական զարգացմանը և կոչ արել արագորեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Զարգացման տեմպը, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունը և իշխանությունների կողմից որդեգրված պրագմատիկ մոտեցումը Հայաստանի շարունակական ժողովրդավարական ներգրավվածության խրախուսական նշաններ են», - ասել է Ալեն Բերսեն իր երկօրյա պաշտոնական այցի ավարտին։
Նա նաև ողջունել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ստացա հստակ ուղերձ. Հայաստանը Եվրոպայի խորհրդին համարում է ժողովրդավարական ճանապարհի իր հիմնական գործընկեր», - ասել է նա։
Նա ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական գործընթաց են, և Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետևողական աջակցություն ցուցաբերել՝ երկիրն առաջ տանելու համար։
Խաղաղությունը որպես ժողովրդավարական անվտանգության անկյունաքար
Նախագահ Վահագն Խաչատուրյանի, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի հանձնառությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և ժողովրդավարական անվտանգության նկատմամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը երկարաժամկետ կայունության բանալին է։ Մենք վճռականորեն աջակցում ենք այդ գործընթացի ժամանակին ավարտին: Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ տարի, տարածաշրջանային հանձնառության ուժեղ ազդանշան է։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի ներգրավված մնալ և աջակցել՝ ինչպես Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս», - ասել է Ալեն Բերսեն։
Ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում կայուն գործընկերություն
Այցելությունը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցով։ Ալեն Բերսեն ողջունել է ՀՀ կառավարության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հիմնական հաստատությունների հետ և ներպետական շրջանակները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու կայուն առաջընթացը։
Նա մատնանշել է Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը սահմանադրական բարեփոխումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի և Մահապատժի վերացման մասին արձանագրության վավերացումը։
Այցելությունը նշանավորել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները՝ որպես Եվրոպայի համար Նոր ժողովրդավարական պակտի ավելի լայն տեսլականի մաս: 46 պետություններից բաղկացած Եվրոպայում համախմբված գործողությունները կարևոր են, քանի որ այսօր ոչ միայն սահմանները, այլև ինստիտուտները, հիմնարար ազատություններն ու արժեքները նույնպես վտանգված են: Հայաստանը ցույց է տալիս, թե ինչպես ազգային ջանքերը կարող են ամրապնդել մեր ընդհանուր ժողովրդավարության հիմնասյունը, քանի դեռ ուշ չէ:
Աջակցություն ԼՂ-ից փախստականներին
Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ընդգծել է 2.8 միլիոն եվրո կազմող արձագանքման փաթեթը, որը աջակցում է Հայաստանին՝ ԼՂ-ից փախստականների հոսքի ճգնաժամին արձագանքելու համար։ Նախաձեռնության նպատակն է ապահովել փախստականների պաշտպանությունը, ինչպես նաև փախստականներին ընդունող համայնքների դիմադրողականության ամրապնդումը։
«Մենք աշխատում ենք երկու մակարդակում՝ փախստականների իրավունքների պաշտպանություն, հոգեկան առողջության կարիքների բավարարում, առողջապահության ոլորտի տեղահանված մասնագետների ինտեգրում հայկական համակարգում և փախստականներին ընդունող համայնքների դիմադրողականության ամրապնդում», - ասել է նա։
Եվրոպական իրավական տարածքում Հայաստանի դերի ընդլայնում
Գլխավոր քարտուղարը խրախուսել է Հայաստանին դիտարկել ներկայիս մարտահրավերները հասցեագրող Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիաներին միանալը, այդ թվում՝ կիբեռհանցագործության մեջ էլեկտրոնային ապացույցների մասին, փաստաբանների մասնագիտության պաշտպանության մասին, մշակութային արժեքների հետ կապված հանցագործությունների մասին, արհեստական բանականության և մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիաները։
Երկխոսություն հաջորդ սերնդի հետ
Երևանի պետական համալսարանում բաց դասախոսության ժամանակ Ալեն Բերսեն ուսանողների հետ խոսել է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարական դիմադրողականության և եվրոպական արժեքների պահպանման գործում երիտասարդության ներգրավվածության կարևորության մասին։