չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Նիկո՛լ, մի փոքր շանս ունենք պետություն դառնալու, այն էլ փակում ես քո այս որոշմամբ. Սանասարյան

Նիկո՛լ, մի փոքր շանս ունենք պետություն դառնալու, այն էլ փակում ես քո այս որոշմամբ. Սանասարյան

Մարդուն հրավիրում են ժողովրդավարական ու քաղաքակիրթ երկրների սեղան, ասում են քո ժողովուրդն այս ընտանիքին է պատկանում, հագնում է այդ տարածքին համապատասխան շորերն ու գլորվում ռուս-թյուրքական խալի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

«Նիկո՛լ, մի փոքր շանս ունենք պետություն դառնալու, այն էլ փակում ես քո այս որոշմամբ։ Լավ ա՞յս աստիճան չեք պատկերացնում աշխարհի հնարավոր զարգացումների մասին։ Դեռ չեմ ասում, որ վաղը եթե Ադրբեջանը ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ, նաեւ Հայաստանի օգնությամբ իշխանություն պահած Ղազախստանն էլի աջակցելու է Ադրբեջանին ու այդ ժամանակ քաղաքակիրթ աշխարհից էլ աջակցություն չակնկալեք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ղազախստան է ուղարկել իր զինվորականներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կազմում։

«Sputnik Արմենիա»-յի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 70 զինծառայողի մասին է, ովքեր զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

 

  • Կիսվել: