երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Նախարարը հերքում է IMEI կոդերով վերահսկողության նպատակը

Նախարարը հերքում է IMEI կոդերով վերահսկողության նպատակը

Հունիսի 30-ին Սահմանադրական դատարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է հեռախոսների IMEI (International Mobile Equipment Identity - Միջազգային շարժական սարքավորումների նույնականացուցիչ) կոդերի պարտադիր գրանցման նախագծին՝ հերքելով այն տեսակետները, թե սա քաղաքացիներին նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձ է։ Նախարարը շեշտել է, որ նախաձեռնության իրական նպատակը ոչ թե մարդկանց հետևելն է, այլ ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով սարքերի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելը։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պիտի նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար և հիմա մենք աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ և կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պիտի փարատվեն»,- ասել է Սրբուհի Գալյանը։

Չնայած պաշտոնական պարզաբանումներին՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն ավելի վաղ ահազանգել է, որ կառավարության հավանությանն արժանացած այս նախագիծը պետությանը հնարավորություն է տալիս քաղաքացիների հեռախոսները վերցնել «տոտալ վերահսկողության» տակ։ Ըստ փորձագետի՝ ստեղծվելիք հսկա շտեմարանում կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի IMEI կոդը և բոլոր SIM կամ eSIM քարտերը, ինչը թույլ կտա ցանկացած պահի տեսնել, թե ով և որ սարքով է ակտիվանում կապի ցանցում։ Պապյանը նաև մատնանշում է, որ 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալների կենտրոնացումը մեկ վայրում թիրախ է դառնում կիբեռհանցագործների համար, իսկ բազայի հնարավոր տեխնիկական խափանումը կարող է հանգեցնել կապի զանգվածային անջատումների։

Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով IMEI կոդերի գրանցման նախագծին, նշել նաև, որ չնայած իր սկզբունքային առարկություններին, դեռ կա հնարավորություն երկխոսության և հարցի շուրջ աշխատելու համար։ Մարտիրոյսանը Ֆեյսբուքում գրել է, որ հարցը բացարձակ փակված չէ և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է քննարկել այն։ 

Փորձագիտական դաշտում լրացուցիչ անհանգստություն է առաջացնում նաև նախագծի այն դրույթը, որով համակարգի ադմինիստրատորին թույլատրվում է հավաքագրված տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական կամ մասնավոր մարմիններին, ինչը կարող է չարաշահումների դուռ բացել։ Արթուր Պապյանը կասկածի տակ է դնում նաև գողությունների դեմ պայքարի արդյունավետությունը՝ նշելով, որ համակարգը շատ ավելի արագ կարող է ծառայել քննադատ լրագրողների կամ ցուցարարների տեղորոշման համար։

  • Կիսվել: